ԱՄՆ-ն խոստացել է շարժել «երկինքն ու երկիրը»՝ Ուկրաինային օգնելու համար
ԱՄՆ-ն խոստացել է շարժել «երկինքն եւ երկիրը»՝ Ուկրաինային օգնելու համար: 40 երկրներից դաշնակիցները հանդիպել են՝ Կիեւի «պաշտպանությունն ուժեղացնելու» համար, հայտնում է AFP-ն։
Հանդիպումը, որը հրավիրվել է Միացյալ Նահանգների կողմից Գերմանիայի հարավ-արեւմտյան Ռամշտեյն ավիաբազայում, նպատակ ունի «օգնել Ուկրաինային հաղթել Ռուսաստանի անարդար ներխուժման դեմ պայքարում եւ ուժեղացնել Ուկրաինայի պաշտպանությունը,- ասել է պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը բանակցությունները բացելիս:- Ուկրաինան հստակ հավատում է, որ կարող է հաղթել՝ ինչպես եւ այստեղ ներկա բոլորը»:
ԱՄՆ-ն արդեն Ուկրաինայի միջազգային ռազմական օգնության ամենամեծ մատակարարն է, եւ Օսթինն ասել է, որ Վաշինգտոնը «կշարունակի շարժել երկինքն ու երկիրը՝ Կիևի կարիքները բավարարելու համար»:
Բանակցություններում Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը հայտարարել է, որ Բեռլինն Ուկրաինային օգտագործված «Գեպարդ» զենիթային տանկերի մատակարարման թույլտվություն է տվել:
Լամբրեխտը խոստովանել է, որ Բունդեսվերի զենքի պաշարները սահմանափակ են, բայց ասել է, որ կդիմի զենքի գերմանական արտադրողների պաշարներին: «Ուկրաինան պատվիրում է, իսկ Գերմանիան՝ վճարում»,- ասել է նա:
Ֆրանսիան մատակարարում է 40 կիլոմետր հեռահարությամբ Caesar թնդանոթները, իսկ Մեծ Բրիտանիան՝ զենիթային հրթիռներ եւ Starstreak տանկեր:
Հանդիպումն ուղղված է նաեւ պատերազմի ավարտից հետո երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինայի անվտանգության ապահովմանը։
«Ուկրաինան մեր օգնության կարիքն ունի՝ այսօր հաղթելու համար, եւ նա մեր օգնության կարիքը կունենա, երբ պատերազմն ավարտվի», - ասել է Օսթինը:
Հանդիպումը չի անցկացվում ՆԱՏՕ-ի հովանու ներքո, սակայն դրան մասնակցում են դաշինքի անդամները, այդ թվում՝ Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցները։
Ներկա են նաեւ երկրներ ավելի հեռավոր տարածաշրջաններից, ինչպիսիք են Ճապոնիան կամ Ավստրալիան: Մասնակցում են նաեւ Ֆինլանդիան եւ Շվեդիան, որոնք ավանդաբար չեզոք երկրներ են եւ դիտարկում են ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը: