Հայաստանից խոշոր եւ մանր եղջերավոր անասունների արտահանումը կավելանա. Գեորգի Ավետիսյան
Հայաստանից կավելանա ինչպես խոշոր, այնպես էլ մանր եղջերավոր անասունների արտահանումը. Այս մասին ապրիլի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:
Նա հայտնեց, որ անցած տարի Հայաստանից 105 հազար գլուխ մանր եւ 37-38 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն է արտահանվել։ Նրա խոսքով՝ մանր եղջերավոր անասունի արտահանման խոշոր ծավալները գնում են Կատար, Քուվեյթ, Լիբանան, Արաբական Միացյալ Էմիրություններ, խոշոր եղջերավոր անասուններն արտահանվում են հիմնականում Իրաք։
«Քանի դեռ Հայաստանում անասունների հաշվառում եւ համարակալում չկա, Եվրամիության շուկաներ դուրս գալ հնարավոր չի լինի։ Այդ գործընթացը նախատեսվում է սկսել այս տարվա աշնանը»,- հավելեց Ավետիսյանը։