Ալիևը դժգոհել է Օվերչուկին. Հայաստանը չի պատրաստվել հաղորդակցությունների ապաշրջափակմանը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ապրիլի 26-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին։
Ինչպես տեղեկացրել է APA-ն, նա նշել է մեր երկրների միջեւ առեւտրատնտեսական ոլորտում փոխգործակցության լավ մակարդակի մասին եւ գոհունակություն է հայտնել մինչ այդ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ։
Իլհամ Ալիեւն անդրադարձել է Ադրբեջանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության Միջկառավարական պետական հանձնաժողովի գործունեությանը եւ հույս է հայտնել, որ հանձնաժողովի նիստում կդիտարկվի կատարված աշխատանքը, ինչպես նաեւ, բացի համագործակցության ավանդական ոլորտներից, կքննարկվեն այլ՝ պոտենցիալ ուղղություններ, այդ թվում՝ առեւտրի եւ սպասարկումների ծավալների հետագա ընդլայնման հարցերը, կորոշվեն համագործակցության նոր ոլորտները։
Ալիեւը վստահություն է հայտնել, որ Ալեքսեյ Օվերչուկի Ադրբեջան այցի ընթացքում կքննարկվի եռակողմ հանձնաժողովի գործունեությունը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետերի գլխավորությամբ, եւ, առաջին հերթին, կքննարկվեն տրանսպորտային հաղորդակցության գծերի բացման հարցերը։ Այս առնչությամբ նա տեղեկացրել է, որ Ադրբեջանի տարածքում արդեն կառուցվել է երկաթուղու 60 կիլոմետրանոց հատված, եւ հաջորդ տարի շինարարությունը կավարտվի։
«Ավտոճանապարհների հետ կապված աշխատանքները ադրբեջանական կողմը կատարում է ժամանակացույցին լիովին համապատասխան։ Ցավոք, Հայաստանը ոչ մի աշխատանք չի սկսել այս ուղղությամբ, անգամ չի նշել ենթադրվող ավտոճանապարհի աշխարհագրական կոորդինատներն իր տարածքում։ Չնայած Ադրբեջանը քանիցս բարձրացրել է այս հարցը՝ Հայաստանն այս առնչությամբ պատասխան չի տվել»,- նշել է Ալիեւը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են առեւտրատնտեսական, տրանսպորտային, տարանցման, լոգիստիկ, ֆինանսական, բանկային, էներգետիկ, նավթագազային ոլորտներում համագործակցության հարցերը։