Ճապոնիայի վարչապետը կողմ է Հարավային Կորեայի հետ հարաբերությունների արագ կարգավորմանը
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հանդես է եկել ճապոնա-հարավկորեական հարաբերությունների շուտափույթ կարգավորման օգտին։ Այս մասին Ճապոնիայի կառավարության ղեկավարը հայտարարել է երեքշաբթի, Հարավային Կորեայի նորընտիր նախագահ Յուն Սոկ Յոլի՝ Տոկիո ուղարկած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Միջազգային իրավիճակի համատեքստում, երբ սպառնալիքի տակ է հայտնվել օրենքի տառի վրա հիմնված միջազգային կարգը, ավելի, քան երբեւէ, կարեւոր է ռազմավարական փոխգործակցությունը Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի, ինչպես նաեւ Ճապոնիայի, ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի միջեւ։ Չի կարելի դանդաղել ճապոնա-հարավկորեական հարաբերությունների բարելավման գործում»,- նրա խոսքերը մեջբերել է Kyodo գործակալությունը։ Գործակալությունը նշել է, որ հարավկորեական պատվիրակության ներկայացուցիչները նույնպես կողմ են երկկողմ հարաբերությունների բարելավմանն ուղղված համատեղ համագործակցությանը։ Ճապոնիայի վարչապետը նաեւ ընդգծել է երկու կողմերի միջեւ առկա բոլոր տարաձայնությունների կարգավորման անհրաժեշտությունը։