Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան կոչնչացնի ցանկացած հարձակվող ուժ
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ապրիլի 25-ին Կորեական ժողովրդական բանակի հիմնադրման 90-ամյակի պատվին կայացած շքերթում հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան կոչնչացնի ցանկացած ուժ, որը կփորձի ռազմական հակամարտություն սկսել, տեղեկացրել է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը։
«Այժմ մեր զինված ուժերը պատրաստ են ցանկացած ճակատամարտի։ Մենք կոչնչացնենք ցանկացած ուժ, որը կփորձի Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական հակամարտություն (սկսել – խմբ.)»,- ասել է Կիմ Չեն Ընը։
Շքերթը Հյուսիսային Կորեայում տեղի է ունեցել երկուշաբթի, տեղի ժամանակով ժամը 22.00-ին (Մոսկվայի ժամանակով՝ ժամը 16.00-ին), Փհենյանի Կիմ Իր Սենի հրապարակում։ Հարավկորեական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ Փհենյանը մոտ 20 հազար զինվոր եւ տեխնիկա է մոբիլիզացրել։ Շքերթի փորձերի ժամանակ, իբր, հաշվվել է 250 միավոր տեխնիկա, ներառյալ հիպերձայնային «Խվանսոն-8» հրթիռը, վերջերս Փհենյանի փորձարկած «Խվանսոն-17» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը եւ սուզանավերի համար նախատեսված բալիստիկ հրթիռը։