Իրանը տանկային դիվիզիա է ուղարկել Աֆղանստանի սահման
Իրանը զրահատանկային դիվիզիա է ուղարկել Աֆղանստանի սահման։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրելէ Aamaj News աֆղանական գործակալությունը։
Նշվել է, որ սահմանի մոտ է ուղարկվել 88-րդ տանկային դիվիզիան։ Այս որոշումն ընդունվել է, իբր, անվտանգության նկատառումներից ելնելով՝ կապված «Դոկարուն» (Իրան) - «Իսլամ-Կալա» (Աֆղանստան) անցակետերի շրջանում վերջերս տեղի ունեցած միջադեպերի հետ։
Թեհրանից այս տեղեկատվության պաշտոնական հաստատում կամ հերքում առայժմ չի ստացվել։
Ապրիլի 23-ին սահմանապահների միջեւ հսկիչ անցակետում վեճ էր ծագել, որը հանգեցրել էր այն բանին, որ իրանական կողմը ժամանակավորապես փակել էր սահմանային անցակետը։ Tasnim News Agency-ի տվյալներով՝ թալիբները սկսել են ճանապարհ կառուցել «Իսլամ-Կալայից» ոչ հեռու։ Իրանցի սահմանապահները միջամտել են եւ դադարեցրել աշխատանքները, քանի որ, ինչպես տեղեկացվել է, սահմանային գոտում ճանապարհի կառուցման համաձայնության մասին պաշտոնական հաստատում չեն ունեցել։
IRNA գործակալությունը տեղեկացրել է, որ ներկա պահին աշխատանքները դադարեցված են, իսկ երկու երկրների իշխանությունների ներկայացուցիչները պատրաստվում են քննարկել հարցը։ «Դոկարուն»-ը Իրանի եւ Աֆղանստանի միջեւ ամենակարեւոր առեւտրային երթուղիներից մեկն է։