ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորմամբ Թուրքիան ձգտում է դուրս մղել ՌԴ-ին տարածաշրջանից. Ռուբեն Սաֆրաստյան
Թուրքիան ձգտում է դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից եւ միայնակ որոշումներ կայացնել այստեղ՝ իր կամքը թելադրելով ամբողջ տարածաշրջանին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
Նա պարզաբանեց, որ Ռուսաստանի՝ տարածաշրջանից դուրս գալու տեսանկյունից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի՝ այդ նպատակին հասնելու ռազմավարության մաս է կազմում:
«Անկարան կարծում է, որ այդպիսի ռազմավարությունը հնարավորություն կտա ազդել Հայաստանի ներքին կյանքի վրա՝ Հայաստանից ռուսական ռազմակայանի հետագա դուրսբերման համար»,- հավելեց Սաֆրաստյանը։
Փորձագետը վստահ է, որ Թուրքիան Հայաստանի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսելու մասին հայտարարել է շոուի համար, թեև բանակցությունների սեղանին դրանք քննարկման առարկա կդառնան։
«Դա վերաբերում է նաեւ Հայոց ցեղասպանության խնդրին, Արցախի խնդրին եւ Կարսի պայմանագրին։ Այս ամենին գումարվեց «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ Վստահ եմ, որ բանակցությունների ընթացքում Անկարան կբարձրացնի հայ-ադրբեջանական օրակարգի հարցեր։ Սա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման չորրորդ փորձն է։ Այժմ Թուրքիան, Ադրբեջանի հետ սերտ համագործակցությամբ, ավելի բարձր մակարդակի քաղաքականություն է վարում եւ դիտարկում է այն տարածաշրջանում իր աշխարհաքաղաքական շահերի շրջանակներում։ Թուրքիայի համար կարեւոր է, որպեսզի Հայաստանը գտնվի իր ազդեցության տակ. Բանակցությունների ընթացքում Անկարան կփորձի հասնել այդ նպատակին՝ հաշվի առնելով, որ Թուրքիան Հայաստանին իրեն հավասար երկիր չի համարում»,- եզրափակեց նա։