Գեղամ Մանուկյանը երեկ Փաշինյանի լուսանկարը փակցրել էր արագաչափի վրա. իրավիճակը կտրուկ լարվել էր
«Դիմադրություն» շարժման իրազեկման ակցիայի ժամանակ երեկ՝ ապրիլի 25-ին, իրավիճակը լարվեց ոստիկանների և ցուցարարների միջև։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ի հակառակ ոստիկանների խոչընդոտներին, բարձրացավ արագաչափի սյան վրա եւ փակցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը՝ «խաբեբա» գրությամբ, որից հետո ոստիկանները պոկեցին փակցված լուսանկարը։
«Մենք ոչ թե նմանակում ենք այս ծաղրածուին, այլ իր խոստումներ ենք իրականացնում։ Հիշո՞ւմ եք՝ չորս տարի առաջ այս ծաղրածուն տեսախցիկները փակելով ասում էր, որ այն թալանում է ժողովրդին։ Այսօր մենք կկատարենք իր խոստումները»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Ոստիկանները փորձեցին բերման ենթարկել ակցիայի մասնակցիներին, սակայն չհաջողվեց։
«Այստեղից մեկ հոգի մարդ չպետք է տանեն»,- հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Դրանից հետո վիճակը հանդարտվեց, և երթը շարունակվեց։
Ամբողջ ակցիայի ընթացքում մասնակիցները բղավում էին՝ Ոստիկանը հայ ա, ոստիկանը Նիկոլ չի:
«Դիմադրություն» շարժման իրազեկման երթն ավարտվեց ժամը 22:00 սահմաններում: Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ հաջորդ երթը տեղի կունենա ապրիլի 26-ին՝ Սասունցի Դավիթ արձանի մոտից:
Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ակցիաները այսօր նույնպես շարունակվելու են. «Մեր նպատակն է ողջ ժողովրդին, ազգին առաջիկա 5 օրերին ոտքի հանենք, ու մենք հանելու ենք»:
«Մեր ազգը ոտքի է կանգնում, լաոն զարթնում է, մենք հետքայլի տեղ չունենք, մենք նահանջի տեղ չունենք, մենք այլ ճանապարհ չունենք, մենք տեր ենք այս դրոշին մինչեւ վերջ, տեր ենք պետականությանը: Այսպես մեջք մեջքի տված, ուսի ուսի տված գնում ենք մինչեւ վերջ: Սա սրբազան պայքար է, սա պայքար է Արցախի համար, մեր պետականության համար, յուրաքանչյուրը պայքարում է ոչ թե մեզանից մեկին իշխանության բերելու, այլ իր ծնողների, իր քույրերի ու եղբայրների համար»,-ասաց Սաղաթելյանը:
Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ընդդիմությունն աշխատում է մի նպատակի համար, սակայն ապակենտրոն եղանակով.
«Ճանապարհին ինձ հարցնում էին, այսօր մնում ենք, թե` չէ, հարգելի΄ հայրենակիցներ այդ մնալու օրը լինելու է, այդ օրը կասենք ձեզ, մենք ունենք ծայրից ծայր գծված ծրագիր, որը բերելու է սրանց հեռացմանը, վստահ եղեք»։
Նշենք, որ ապրիլի 26-ի առավոտյան Տիգրանաշենից դեպի Երևան է շարժվելու «Դիմադրության շարժման» հաջորդ խումբը:
Իրազեկման երթի ավարտին ակցիայի մասնակիցները կրկին վանկարկեցին «Առանց Նիկոլ Հայաստան»:
Հիշեցնենք, որ երեկվա երթի մեկնարկը տրվել էր Կոմիտասի պողոտայի Սուրբ Խաչ եկեղեցու մոտից։ ՀՀ նախագահի նստավայրի կողքով անցնելիս շարժման մասնակիցները հայտարարել էին, որ այդտեղ նստած է ՔՊ-ից ինչ-որ մեկը. «Ինքը ՀՀ նախագահությունը ներկայացնելու իրավունք չունի, նա պատերազմի եւ պարտության կուսակցության ներկայացուցիչն է այս շենքում։ Ինքը հերթական դավաճաններից է։ Բոլորիս ձայնը հիմա նա պետք է լսի»։
Մինչեւ «Դիմադրություն» շարժման մեկնարկը Հայ հեղափոխական դաշնակցության Երիտասարդական Միության եւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երիտասարդները փակել էին Վաղարշյան-Կոմիտաս փողոցը։ Իրավիճակն այդտեղ լարվել էր եւ մեծ թվով կարմիրբերետավորներ բերման էին ենթարկել ակցիայի 4 մասնակցի։
Անհնազանդության մի շարք ակցիաներ են տեղի ունեցել Երևանում։ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում ուսանող-դաշնակցականները տեղադրել էին Արցախի դրոշը։
Մի խումբ երիտասարդներ էլ ակցիաներ են իրականացրել բուհերի առջեւ՝ «Ուսանո՛ղ, զարթնի՛ր» գրությամբ պաստառներ բարձրացնելով երեւանյան 15 բուհերի դիմաց եւ հորդորելով ուսանողներին միանալ համընդհանուր պայքարին։
Հիշեցնենք, որ ապրիլի 25ին՝ առավոտյան 11։00-ին, Իջևանից մի շարք քաղաքացիներ, որոնց թվում են նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորները, սկսել էին երթ՝ դեպի Երևան։
Այս ընթացքում անհնազանդության ակցիաներ էր իրականացնում նաև «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանն իր թիմակիցների հետ։ Նրանք երեկոյից քայլերթով փակել են Երևանի մի շարք փողոցներ, նստացույց իրականացրել։ Եվ վերջում, Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժումը եւ Արթուր Վանեցյանի գլխավորած երթերը հանդիպել են միմյանց։