ԵԽԽՎ-ն կանցկացնի հրատապ քննարկում՝ ընդդեմ ՌԴ-ի
«Այս պատերազմը, որը չպետք է սկսվեր, պետք է հրատապ կերպով ավարտվի»,- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի բացման խոսքում լիագումար նիստի ընթացքում հայտարարեց ԵԽԽՎ նախագահ Թինի Կոքսը։
Նա, հիշեցնելով, որ ՌԴ-ն դուրս է հանվել ԵԽ-ից, հայտարարեց․ «Արդեն 46 պետություն է մեր կազմակերպությունում։
Մեր ուղերձը պարզ էր և հասկանալի, եթե որևէ երկիր հատում է կարմիր գծերը, նա տեղ չունի ԵԽԽՎ-ում, ոչ էլ ԵԽ-ի այլ կազմակերպություններում։ ՌԴ-ի կողմից՝ Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելն այն կարմիր գիծն էր, որը ՌԴ-ն չպետք է հատեր»։
Թինի Կոքսը նշեց՝ Ուկրաինայում ամեն օր մարդիկ են իրենց կյանքը կորցնում, վիրավորվում, միլիոնավոր անձինք լքել են իրենց տները։
Անդրադառնալով ԵԽԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակության կին անդամներին, որոնք մասնակցում են ԵԽԽՎ նստաշրջանին, ԵԽԽՎ նախագահն ասաց․ «Նրանք իրենցով օրինակով ցույց են տալիս, թե ինչ կարող է անել խորհրդարանական դիվանագիտությունը»։
ԵԽԽՎ-ին առաջարկ էր ներկայացվել հրատապ դեբատ կազմակերպել «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի հետևանքները» թեմայով։ Այն ընդունվեց պատվիրակների կողմից և կկազմակերպվի չորեքշաբթի օրը։