Բուժհաստատություններում պետք է նոր մշակույթ, որ մարդիկ չխուսափեն բարձրաձայնել պատահարների մասին․ Կարինե Գաբրիելյան
Առողջապահության նախարարության նախարարության խնդիրներից է բուժհաստատություններին տրամադրվող լիցենզիայի կարգի վերանայումը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարարության Հանրային առողջության բաժնի պետ Կարինե Գաբրիելյանը։
«Լիցենզիայի նվազագույն պահանջներից է անվտանգությունը։ Վերանայման ընթացքում որակի նոր պահանջներ պետք է ներառվեն լիցենզավորման գործընթացի մեջ։ Ընդհանուր առմամբ՝ համակարգի բարելավման կարեւոր հիմքը բացերի բացահայտումն է, իսկ եթե բուժհաստատությունում մթնոլորտն այնպիսինն է, որ մարդիկ վախենում են բացահայտել, շատ է խանգարում։ Բուժհաստատություններում անհրաժեշտ է նոր մշակույթի ստեղծում, որ մարդիկ չխուսափեն բարձրաձայնել պատահարների մասին», - նշեց Գաբրիելյանը։
Նրա խոսքով՝ թերության բացահայտումից հետո ոչ թե պետք է կենտրոնանալ սխալը գործած մարդու վրա, այլ այդ թերության հետեւում կանգնած համակարգային սխալի։
Որպես առողջապահական համակարգի զարգացման կարեւոր մաս Գաբրիելյանն առանձնացրեց նաեւ ապակենտրոնացած զարգացումը։
«Աննախադեպ ծավալի շինարարական աշխատանքներ են իրականցվում մարզերում, ենթակառուցվածքների եւ սարքերի տրամադրման հարցում եւս կա հավասարակշռության պահպանում», - ասաց Կարինե Գաբրիելյանը։