Աֆղանստանի իշխանությունները հայտարարել են, որ չեն հանդուրժի հարեւան պետությունների ներխուժումն իրենց տարածք
«Թալիբան» արմատական շարժման կառավարությունում Աֆղանստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար մոլլա Մոհամմադ Յակուբը հայտարարել է, որ Աֆղանստանը «կարող է չհանդուրժել» իր հարեւանների ներխուժումները, եւ բողոք է հայտնել այն ավիահարվածների դեմ, որոնք, ըստ նրա, ավելի վաղ հասցվել էին հարեւան Պակիստանի կողմից Աֆղանստանի տարածքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք խնդիրների եւ մարտահրավերների ենք բախվում ինչպես աշխարհի, այնպես էլ մեր հարեւանների կողմից, լավ օրինակ է Կունարում տեղի ունեցած հարձակումը մեր տարածքի վրա»,- երկուշաբթի օրը Յակուբի խոսքերը մեջբերել է հնդկական NDTV հեռուստաալիքը:
«Մենք չենք կարող հանդուրժել ներխուժումները: Մենք հանդուրժեցինք այդ հարձակումը։ Մենք այն հանդուրժեցինք՝ ազգային շահերից ելնելով, բայց հաջորդ անգամ չենք հանդուրժի»,- նախազգուշացրել է Յակուբը։
Ավելի վաղ՝ ապրիլի 15-ին, թալիբները հայտնել էին, որ Պակիստանի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Աֆղանստանի Խոստ եւ Կունար նահանգներին, ինչի հետեւանքով զոհվել էր մոտ 50 մարդ։
Պակիստանի ԱԳՆ-ն իր հերթին Աֆղանստանի նոր իշխանություններից պահանջել էր ապահովել երկու երկրների սահմանի անվտանգությունը, քանի որ վերջին շրջանում Աֆղանստանից Պակիստանի անվտանգության ուժերի վրա հարձակումները հաճախակի են դարձել։ Գերատեսչությունում հավելել են, որ արգելված ահաբեկչական խմբավորումների զինյալները շարունակում են հարձակումները Պակիստանի սահմանային կետերի վրա, ինչի հետեւանքով մի քանի զինծառայող է զոհվել։Վ