ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի հետ հարաբերությունների մակարդակի բարձրացումն օրինաչափ են համարում
Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների մակարդակի բարձրացումը օրինաչափ է, կողմերը մտադիր են զարգացնել առեւտրատնտեսական եւ քաղաքական կապերը, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։
Դիվանագետը հիշեցրել է, որ փետրվարի 22-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Մոսկվա կատարած այցի ընթացքում, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ ստորագրվել է դաշնակցային փոխգործակցության Հռչակագիր, «որը երկկողմ հարաբերությունները բարձրացնում է նոր մակարդակի»։
«Սա դիտարկում ենք որպես կարեւոր փուլ մեր բազմապլան կապերում, տրամադրված ենք ավելի եռանդուն կենսագործելու նշված Հռչակագրի բոլոր դրույթները»,- ասել է Գոնչարը։
Նա ընդգծել է, որ փաստաթուղթը ներառում է պետությունների երկկողմ կապերի ամբողջ համալիրը եւ նախատեսում է ավելի սերտ արտաքին քաղաքական կոորդինացում, առեւտրատնտեսական կապերի զարգացում (այդ թվում վառելիքաէներգետիկ եւ ֆինանսական ոլորտներում)։
«Ռուս-ադրբեջանական համագործակցության տրամաբանությունն իսկ մեզ հանգեցրել է երկկողմ հարաբերությունների մակարդակի օրինաչափ բարձրացման։ Բավական խորհրդանշական է, որ Դաշնակցային փոխգործակցության մասին Հռչակագիրը ստորագրվել է դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանին»,- ամփոփել է դիվանագետը։