Թուրքիան ԱՄՆ-ին մեղադրել է երկակի չափորոշիչների մեջ՝ ՌԴ-ից С-400-ներ գնելու հարցում
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը երկուշաբթի Միացյալ Նահանգներին մեղադրել է Անկարայի եւ Նյու Դելիի հանդեպ տարբեր քաղաքականություն վարելու հարցում՝ ՌԴ-ից С-400 զենիթահրթիռային համակարգեր (ԶՀՀ) ձեռք բերելու առնչությամբ։
«ԱՄՆ-ը տարբեր քաղաքականություն է վարում Թուրքիայի եւ Հնդկաստանի հանդեպ՝ Ռուսաստանից С-400 համակարգեր գնելու հարցում։ Ամեն բան ավելի պարզ կլինի, եթե ԱՄՆ-ը տեսնի Թուրքիայի իսկական բարեկամությունը, ուժն ու դաշնակից լինելը»,- ասել է նա Hurriyet թերթի՝ երկուշաբթի գիշեր հրապարակված հարցազրույցում։
Պարբերականի տեղեկացմամբ՝ ԱՄՆ-ը «պատրաստ է Հնդկաստանի համար բացառություն անել» եւ չդիմել պատժամիջոցների, որոնք մտցրել է Թուրքիայի դեմ С-400-ներ ձեռք բերելու պատճառով։
Հնդկաստանը 2015թ. հայտարարել էր, որ մտադիր է գնել ռուսական С-400-ներ։ «Տրիումֆ» С-400 համակարգերի հինգ համալիր գնելու պայմանագիրը՝ 5,43 մլրդ դոլար արժողությամբ, ստորագրվել էր 2018թ. հոկտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հնդկաստան կատարած այցի ժամանակ։ Անցած տարվա դեկտեմբերի սկզբին Հնդկաստանի փոխարտգործնախարար Հարշ Վարդհան Շրինգլան հայտարարել էր, որ ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարումը Հնդկաստան սկսվել եւ շարունակվում է։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր հերթին հայտարարել էր, որ Հնդկաստան С-400-ների մատակարարման գործարքի իրականացումն ընթանում է պլանի համաձայն՝ չնայած այդ ոլորտում Մոսկվայի եւ Նյու Դելիի համագործակցությունը խափանելու ԱՄՆ-ի փորձերի։
С-400-ների մատակարարման գործարքը առաջ է բերել Վաշինգտոնի դժգոհությունը, որը սպառնում էր պատժամիջոցներ մտցնել այն պետությունների հանդեպ, որոնք ՌԴ-ից կգնեն ժամանակակից սպառազինություններ եւ ռազմատեխնիկա՝ համաձայն 2017թ. ընդունված CAATSA («Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցներով դիմակայելու մասին») օրենքի։ Նյու Դելիում հայտարարել են, որ մտադիր չեն հրաժարվել ռուսական ԶՀՀ-ներից։