Դիվանագետների վերադարձ եւ $322 միլիոնի օգնություն. ինչի՞ մասին են խոսել Բլինքենը եւ Օսթինը Զելենսկու հետ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Կիեւում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ ազդարարել են արդեն ընթացիկ շաբաթվա ընթացքում Ուկրաինա ԱՄՆ դեսպանության աշխատակիցների վերադարձի մասին, տեղեկացրել է Reuters-ը։
ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնյայի խոսքով՝ սկզբում ամերիկացի դիվանագետներն այս շաբաթ կվերսկսեն «ցերեկային ուղեւորությունները» Լեհաստանի սահմանով դեպի Լվով, բայց զուգահեռ՝ Կիեւ նրանց վերադարձն արագացնելու աշխատանք կտարվի։
Ամերիկյան գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ այսօր նախագահ Ջո Բայդենը Սլովակիայում ԱՄՆ դեսպան Բրիջեթ Բրինքին ներկայացնելու է Ուկրաինայում առաքելության ղեկավարի պաշտոնում։
Նշվել է, որ Բլինքենը եւ Օսթինը Զելենսկուն տեղեկացրել են Ուկրաինային 322 մլն դոլարի նոր ռազմական օգնություն հատկացնելու մասին։ Մոտ 400 մլն դոլար էլ կտրամադրվի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ու Բալկանների 15 այլ երկրների։
Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբիի խոսքով՝ այսօր (երկուշաբթի) ուկրաինացի ավելի քան 50 զինծառայող պետք է ավարտի ուսուցումը ծանր հրետանու (հաուբիցներ) օգտագործման գծով։