Բրիտանացի հինգ նախարարի մեղադրել են սեռական ոտնձգություններ կատարելու մեջ
Բրիտանիայի կառավարության երեք եւ ստվերային կառավարության երկու անդամ մեղադրվում է սեռական ոտնձգություններ կատարելու մեջ, նրանց դեմ բողոք է ներկայացվել ոտնձգությունների դեմ խորհրդարանական մարմնին, գրել է The Sunday Times-ը։
Մեղադրանքները քննում է Բողոքների եւ պահանջների անկախ սխեման (ICGS)։
Մինչ այդ բարձրաստիճան աղբյուրները նաեւ The Mail on Sunday թերթին էին տեղեկացրել, որ իրենց հայտնի է մի շարք «կենդանի» հետաքննությունների մասին, որոնք վարվում են խորհրդարանի անդամների (տարբեր կուսակցություններից) հանդեպ։
Պարբերականը տեղեկացրել է երեք հետաքննության մասին, որոնք վերաբերում են նախարարներին, եւ երկու հետաքննության մասին, որոնք վերաբերում են ստվերային կառավարության անդամներին, եւ նշել է, որ այդ գործերն առնչվում են խորհրդարանի 56 անդամներին։ Դրանք հանձնվել են ICGS-ին՝ կապված 70 բողոքի հետ։ Ընդ որում՝ կարգավորող մարմնում հրաժարվել են մեկնաբանություններ անել։
Աղբյուրները տեղեկացրել են նաեւ, որ խորհրդարանի 56 անդամների վերաբերյալ բողոքները կարող են եւ վաղեմի լինել։ «Դրանք ինչ ասես կարող են լինել՝ ինչ-որ մեկի ձեռքը բռնելուց մինչեւ շատ ավելի լուրջ բաներ»,- նշել է աղբյուրներից մեկը։
Համայնքների պալատի խոսնակ սըր Լինդսի Հոյլն անցած շաբաթ հայտարարել էր, որ պատրաստվում է վերանայել խորհրդարանի աշխատանքը՝ այսօրինակ աղմկալի մի քանի գործերից հետո։