Ուկրաինայի վարչապետը հայտարարել է ԱՄՆ-ի հետ սառեցված ռուսական ակտիվների օգտագործման վերաբերյալ քննարկումների մասին
Կիևն ու Վաշինգտոնը քննարկում են ռուսական սառեցված ակտիվները Ուկրաինայի ֆինանսական օգնության նպատակին օգտագործելու հարցը։ Այս մասին կիրակի՝ ապրիլի 24-ին, CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։
«Մենք նման բանակցություններ են վարում Միացյալ Նահանգների և մեր բոլոր գործընկերների հետ։ Սա շատ կարևոր միջազգային խնդիր և նպատակ է, միջազգային նպատակ ամբողջ քաղաքակիրթ աշխարհի համար՝ գտնել լուծում, թե ինչպես վերցնել այդ սառեցված ակտիվները և ֆինանսավորել Ուկրաինայի վերականգնումը»,- ասել է նա։
Շմիգալը նաև հաստատել է, որ Ուկրաինային ամեն ամիս անհրաժեշտ է մինչև 5 միլիարդ դոլար ֆինանսական օգնություն և հավելել, որ արևմտյան գործընկերները, այդ թվում՝ G20-ի խմբի երկրները, Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ), Համաշխարհային բանկը (ՀԲ), համաձայն են այս գումարի հետ։
«Մենք բազմաթիվ բանակցություններ ենք վարում G20 երկրների, այդ երկրների ֆինանսների նախարարների, միջազգային ֆինանսական կազմակերպությունների, Համաշխարհային բանկի հետ: Նրանք բոլորը հաստատում են այս գումարը և հասկանում են, որ մեզ մարդասիրական օգնություն է անհրաժեշտ»,- ասել է Ուկրաինայի վարչապետը։
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դեռ չգիտի, թե արդյոք Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի սառեցված ակտիվները կարող են օգտագործվել Ուկրաինային օգնելու համար, դրա հետևանքներ ամերիկացիների համար «պետք է մանրակրկիտ կշռել»։