Իսրայելի վարչապետը ԱՄՆ նախագահի հետ քննարկել է Իրանի հարցը
Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը կիրակի օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է Իրանի հարցը և նրան հրավիրել է այցելել հրեական պետություն։ Այս մասին հայտնում են վարչապետի գրասենյակից։
«Այսօր երեկոյան վարչապետ Նաֆթալի Բենեթը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Նախագահը և վարչապետը քննարկել են իրանական հարցը, մասնավորապես՝ Իրանի պահանջը՝ հանել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ԱՄՆ ահաբեկչական կազմակերպությունների ցանկից»,-ասված է հայտարարության մեջ։
«ԱՄՆ նախագահը ընդունել է վարչապետի հրավերը և ասել, որ մտադիր է առաջիկա ամիսներին այցելել Իսրայել», – հավելել է գրասենյակը։
«Վստահ եմ, որ նախագահ Բայդենը՝ Իսրայելի իսկական բարեկամը, ով մտածում է նրա անվտանգության մասին, թույլ չի տա ԻՀՊԿ-ն հանել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից: Իսրայելը հստակեցրել է իր դիրքորոշումն այս հարցում»,- ասվում է Բենեթի գրասենյակի տարածած հաղորդագրությունում։