Իտալիան և Մեծ Բրիտանիան Ուկրաինային զենքի նոր խմբաքանակ կմատակարարեն
Իտալիայի իշխանությունները պատրաստում են Ուկրաինային ռազմական օգնության նոր՝ երրորդ հրամանագիրը, որը կներառի ավելի հզոր զինատեսակներ։ Corriere della Sera թերթը գրում է, որ խոսքը ինքնագնաց հրետանային կայանքների (ACS) և հակաօդային պաշտպանության համակարգերի մասին է։
Համաձայն հրապարակման, այս փաթեթը դաշնակիցների հետ կհամաձայնեցվի ապրիլի 26-ին Գերմանիայում ՆԱՏՕ-ի Ռամշտայն ռազմաբազայում կայանալիք հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Բացի դրանից, Մեծ Բրիտանիան Ուկրաինային կմատակարարի 20 AS-90 155 մմ տրամաչափի ինքնագնաց հրետանային կայաններ և դրանց համար տասնյակ հազարավոր արկեր։ Այս մասին հայտնում է Express edition-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ այդ տվյալների՝ արդեն այս շաբաթ Մեծ Բրիտանիան Լեհաստան կմատակարարի 45000 արկ՝ AS-90 ինքնագնաց հաուբիցների հետ միասին։