Մենք շարունակելու ենք հիշել և հիշեցնել մեր դեմ գործած ոճրի մասին. Երևանի քաղաքապետ
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի առթիվ.
«Սիրելի՛ հայրենակիցներ, երևանցիներ,
Այսօր հայ ժողովուրդը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
Այսօր էլ իրադարձությունները փաստում են, որ ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումն է միակ լուծումը ներկայում և ապագայում նման ողբերգություններից մարդկությանը զերծ պահելու համար, իսկ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը անհրաժեշտություն են մեր տարածաշրջանում տևական խաղաղություն ապահովելու համար․ մենք շարունակելու ենք հիշել և հիշեցնել մեր դեմ գործած ոճրի մասին։
Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին, երբ դեռ մեր հայրենիքը ապաքինվում է ծանրագույն հարվածից, մեր մեջ պետք է արմատավորվի ուժեղ, մրցունակ և ժողովրդավար հայրենիք կառուցելու ու զարգացնելու ձգտումը։
Խոնարհվելով ցեղասպանությանը զոհ գնացած մեր սուրբ նահատակների հիշատակի առաջ՝ վստահ եմ, որ մեր բոլորիս համատեղ ուժերով հասնելո՛ւ ենք մեր ազգային նպատակների իրականացմանը և ունենալու ենք խաղաղ, անվտանգ և ուժեղ Հայաստան ու համայնք։
Լույս և խաղաղություն մեր նահատակների հոգիներին»,- նշված է ուղերձում։