Թուրքիան Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ Բայդենի ուղերձն «անհաջող» է որակել
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել ապրիլի 24-ին մի շարք երկրների իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ արված հայտարարությունների վերաբերյալ:
Անկարան «անհաջող» է որակել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձը՝ այն համարելով «2021 թ. արած սխալի կրկնություն»:
«Մերժում ենք նմանատիպ հայտարարությունները և որոշումները, որոնք քաղաքական շարժառիթներից ելնելով՝ խեղաթյուրում են պատմական իրողությունները, և դատապարտում ենք նրանց, ովքեր թույլ են տալիս այս սխալը»,- նշված է հայտարարության մեջ:
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը «միակողմանի և ընտրողական մոտեցում է» և հետապնդում է քաղաքական նպատակներ:
«Մարդկային կեցվածքը և խիղճը պահանջում են, որ այդ ժամանակ տեղի ունեցած բոլոր տառապանքները հիշատակվեն առանց էթնիկ և կրոնական տարանջատման: Թուրքիան oսմանյան բնակչության, այդ թվում և՝ հայերի ապրած տառապանքները հարգանքով է հիշում»,- նշել են Թուրքիայի ԱԳՆ-ում:
Գերատեսչության պնդմամբ՝ Թուրքիան ջանքեր է գործադրում, որ տարածաշրջանում և աշխարհում տիրապետող լինեն խաղաղությունն ու կայունությունը, և առաջ մղվի համագործակցության ոգին: