Ալեն Սիմոնյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (լուսանկարներ)
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների եւ պաշտոնատար այլ անձանց հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ալեն Սիմոնյանը ծաղկեպսակ է դրել եւ ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Բարձրաստիճան այրերն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել «Հայկական վարժարանների հետքերով. ուսյալ ազգի վկայագրերը» խորագրով ժամանակավոր ցուցադրությանը: Այն ներկայացնում է Արեւմտյան Հայաստանում, Կիլիկիայում եւ Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում գործող շուրջ 2000 հայկական կրթօջախի երբեմնի բեղուն գործունեությունը, որն ընդհատվեց Հայոց ցեղասպանության հետեւանքով: Տասնվեց խորագրային պանելից կազմված երկլեզու (հայերեն եւ անգլերեն) ժամանակավոր ցուցադրության մեջ ներկայացված են շուրջ երեք տասնյակ բնօրինակ ավարտական վկայականներ, լուսանկարներ, դասագրքեր եւ այլ դպրոցական պարագաներ: