Մահացել է ԱՄՆ Սենատում բոլորից երկար աշխատած քաղաքական գործիչ Օրրին Հեթչը
ԱՄՆ-ում 88 տարեկանում մահացել է քաղաքական գործիչ Օրրին Հեթչը, որը բոլորից երկար է աշխատել Սենատում, հայտնում է Washington Examiner-ը:
Հանրապետական Հեթչն ԱՄՆ Կոնգրեսում ներկայացրում էր Յուտա նահանգը: Հաղորդվում է, որ քաղաքական գործիչը մահացել է շաբաթ Սոլթ Լեյք Սիթիում՝ ընտանիքի անդամներով շրջապատված:
Հեթչն առաջին անգամ Սենատում ընտրվել է 1977 թվականին եւ վերին պալատում աշխատել է 7 ժամկետ: Նա եղել է Սենատի ժամանակավոր նախագահ:
Յուտա նահանգը ներկայացնող սենատորը պաշտոնավարել է 7 նախագահի վարչակազմերի եւ Սենատի մեծամասնության ինը առաջնորդների օրոք: Իր գործունեության ընթացքում նա եղել է Սենատի ազդեցիկ դատական հանձնաժողովի, ֆինանսների հարցով հանձնաժողովի եւ աշխատանքի ու մարդկային ռեսուրսների հարցով հանձնաժողովի նախագահը:
Հեթչը հայտնի է եղել որպես հավատարիմ պահպանողական գործիչ տնտեսական եւ սոցիալական հարցերում, սակայն նա կհիշվի նաեւ երկկուսակցական օրենսդրական ջանքերի համար: Այդ ձեռքբերումների թվում է 1990 թ. Սահմանափակ հնարավորություններ ունեցող ամերիկացիների մասին օրենքը եւ 1997 թ. Երեխաների բուժապահովագրության ծրագիրը: