Ջոնսոնը և Զելենսկին քննարկել են սպառազինության մատակարարումներն ու Մարիուպոլի իրադրությունը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որի ընթացքում քննարկվել են սպառազինության մատակարարումներն ու Մարիուպոլում տիրող իրավիճակը: Այս մասին ասվում է շաբաթ Դաունինգ սթրիթում գրասենյակի տարածած հայտարարության մեջ։
«Հաջորդ շաբաթ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի (Անտոնիու Գուտերեշի) և նախագահ Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումների նախաշեմին երկու ղեկավարները ընդգծել են հրադադարի և հումանիտար միջանցքի հաստատման կարևորությունը ՝ Մարիուպոլից քաղաքացիական անձանց դուրս գալու համար», – ասված է հայտարարության մեջ: Դրանում նշվում է, որ Մեծ Բրիտանիան Ուկրաինա է մատակարարում պաշտպանական ռազմական օգնություն, ներառյալ բարձր անցանելիության զրահապատ մեքենաներ, դրոններ և հակատանկային զենք:
«Երկու առաջնորդները քննարկել են, թե ինչպես է Մեծ Բրիտանիան աշխատելու գործընկերների հետ՝ Ուկրաինայի անվտանգության հարցի երկարաժամկետ լուծման հասնելու համար։ Վարչապետը նշել է, որ բանակցություններ են վարվում միջազգային գործընկերների հետ Ուկրաինային հետագա ֆինանսական օգնություն տրամադրելու շուրջ», – ասված է հայտարարության մեջ:
Ջոնսոնը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը պատասխանատվության կենթարկվի Ուկրաինայում իր գործողությունների համար: