Բացահայտվել է արքայազն Հարիի և Մեգան Մարքլի՝ թագուհուն գաղտնի այցելելու նպատակը
Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի գաղտնի այցը Թագուհուն մեկնաբանվեց որպես հաշտության ցանկություն։ Այցի իմաստը մեկնաբանել է Majesty Magazine-ի գլխավոր խմբագիր, լրագրող Ինգրիդ Սյուարդը, հայտնում է Hello!-ն:
Սյուարդի խոսքով՝ այն օրը, որը արքայազն Հարին և Մեգան Մարքլը ընտրեցին Թագուհու հետ հանդիպելու համար, պատահական չէր և կարող է նշանակել, որ նրանք ցանկանում են հաշտություն կնքել Թագուհու հետ։ Բանն այն է, որ Ավագ հինգշաբթին առանձնահատուկ օր է Թագուհու համար, քանի որ քրիստոնեական օրացույցում այս ամսաթիվը նվիրված է ներողամտությանը: «Նա քինախնդիր չէ և, կարծում եմ, գրկաբաց կընդուներ նրանց»,- ասել է լրագրողը։ Սյուարդը նշել է, որ թագավորական ընտանիքում բազմաթիվ սկանդալներից հետո ամուսինները զգալի ջանքեր են գործադրել Վինձոր այցելելու համար։ Նրա կարծիքով՝ իրենք օգտվել են առիթից՝ լարվածությունը թուլացնելու և «զինադադար» առաջարկելու համար։
Այցը զույգի առաջին համատեղ այցն է Մեծ Բրիտանիա 2020 թվականի մարտից ի վեր, երբ նրանք հրաժարվեցին թագավորական ընտանիքի ավագ անդամների կարգավիճակից: Դրանից հետո արքայազն Հարին և Մեգան Մարքլը սկզբում տեղափոխվել են Կանադա, ապա՝ ԱՄՆ։