Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ
Ապրիլի 23-ին ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին հայտնում են Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը և ներկայացրել Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
Ռուս պատգամավորները և ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահե Ղալումյանը, Բաբկեն Թունյանը, Ալեքսեյ Սանդիկովը և Վաղարշակ Հակոբյանը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ, հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Պատվիրակությունը Հայաստանում է ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 34-րդ նիստի շրջանակում, որն անցկացվել է ապրիլի 22-ին Ստեփանավանում: