Ռուսական գազի դիմաց ռուբլով վճարմանն անցումը հետաձգելու մասին խոսք չկա. Կրեմլ
Ռուսական գազի դիմաց ռուբլով վճարմանն անցումը հետաձգելու մասին խոսք լինել չի կարող, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով բրիտանական կարգավորիչի՝ պատժամիջոցների տակ գտնվող «Գազպրոմբանկ»-ի հասցեին գազի դիմաց վճարումները մինչեւ մայիսի 31-ը ժամկետով թույլատրելու որոշումը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Լրագրողների հարցին՝ արդյո՞ք դա նշանակում է, որ Եվրոպային ռուսական գազի համար ռուբլով վճարման հարցում հետաձգում է տրամադրվում, Պեսկովը պատասխանել է. «Ոչ: Կա նախագահի հրամանագիր, որտեղ ժամկետները հստակ ամրագրված են։ Այժմ շարունակվող մատակարարումները՝ ապրիլ-մայիս ամիսներին, կլինեն վճարման ինչ-որ օրեր, դրանք կիրականացվեն ՌԴ նախագահի հրամանագրով»:
Հարցին, թե ինչի հետ է կապված բրիտանական գրասենյակի՝ ֆինանսական պատժամիջոցների կիրառման մասին որոշումը, Պեսկովը պատասխանել է.«Պետք է դիմել բրիտանացիներին»։
Պատասխանելով ճշտող հարցին՝ արդյո՞ք Կրեմլը դրական ազդանշան է համարում Մեծ Բրիտանիայի ֆինանսական պատժամիջոցների վարչության (OFSI)՝ «Գազպրոմբանկ»-ին կամ նրա դուստր ձեռնարկություններին վճարումներ կատարելու թույլտվությունը Եվրամիությանը գազի մատակարարման պայմանագրերի շրջանակներում՝ Պեսկովն ասել է. «Դա զուտ պրագմատիկ բնույթ է կրույմ: Դուք գիտեք, որ մենք բոլոր պատժամիջոցներն անօրինական ենք համարում եւ շարունակում ենք դրանց հետ այդպես վերաբերվել»։ «Այդ ամբողջ իրավիճակը, որոնք նախաձեռնել են ԵՄ երկրները՝ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն եւ մի շարք այլ երկրներ, որոնք մի շարք սահմանափակումներ են ընդունել, նրանք դժվարացնում հենց իրենց սեփական կյանքը»,- ընդգծել է Պեսկովը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի՝ ֆինանսական պատժամիջոցների կիրառման մարմինը (OFSI) թույլատրել է վճարումներ կատարել «Գազպրոմբանկ»-ին կամ նրա դուստր ձեռնարկություններին Եվրամիությանը գազի մատակարարման պայմանագրերի շրջանակներում։ Լիցենզիան տարածվում է պայմանագրերի սպասարկման վրա, որոնք կնքվել են մինչ դրա ուժի մեջ մտնելը (ապրիլի 21) եւ ուժի մեջ են մինչեւ 2022 թվականի մայիսի 31-ը, հայտնել են OFSI-ում: