Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության 60 ներկայացուցիչ քրեական հետապնդման է ենթարկվել․ ՀՀ գլխավոր դատախազություն
44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ զինծառայողները թույլ են տվել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի բազմաթիվ կոպիտ խախտումներ։ Այս մասին Ազգային ժողովում պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով անցնող տարվա գործունեության արդյունքները։
Գլխավոր դատախազի խոսքով՝ իրենք ունեն օբյեկտիվ ապացույցներ, որոնք վկայում են այդ խախտումների մասին։ Այսպիսով, բացահայտվել են կոնկրետ դեպքեր, երբ հայկական բնակավայրերը, խաղաղ բնակիչները, մշակութային եւ կրոնական հուշարձանները դիտավորյալ հարվածների թիրախ են դարձել։
«Զոհվել են քաղաքացիական անձինք, խախտվել են պատերազմի կանոնները, կիրառվել են արգելված զենքեր։ Ավելին, ազգային ատելության հողի վրա թշնամին ակտիվորեն կիրառել է բռնության եւ խոշտանգումների մեթոդներ»,-ասաց Դավթյանը։
Նա նաեւ նշեց, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության 60 ներկայացուցիչ քրեական հետապնդման է ենթարկվել։