Մեծ Բրիտանիան «Գազպրոմբանկ»-ին եւ նրա դուստր ձեռնարկություններին մինչեւ մայիսի վերջ վճարումների լիցենզիա է տրամադրել
Մեծ Բրիտանիան, չնայած պատժամիջոցներին, մինչեւ մայիսի վերջ վճարումներ կատարելու լիցենզիա է տրամադրել ռուսական «Գազպրոմբանկ»-ին եւ նրա դուստր ձեռնարկություններին՝ գազի մատակարարումը Եվրամիություն ապահովելու համար, ասվում է ուրբաթ ֆիննախի կողմից հրապարակված փաստաթղթում, փոխանցում է Reuters-ը:
Լիցենզիան թույլ է տալիս անհատին կամ ընկերությանը շարունակել վճարումներ կատարել մինչեւ 2022 թվականի ապրիլի 21-ը կնքված պայմանագրերի համաձայն, եւ այնպիսի գործողություններ է թույլ տալիս, ինչպիսիք են բանկային հաշիվների բացումն ու փակումն այդպիսի վճարումների իրականացման համար:
«Գազպրոմբանկ»-ը, որը ռուսական նավթի եւ գազի համար վճարման հիմնական ուղիներից մեկն է, Բրիտանիայի պատժամիջոցների տակ հայտնված ռուսական կազմակերպությունների թվում է:
«Գազպրոմ»-ը շարունակում է բնական գազ մատակարարել Եվրոպա Ուկրաինայի տարածքով՝ եվրոպացի սպառողների պահանջներին համապատասխան։
Ի պատասխան արևմտյան երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից հայտարարված լայնածավալ պատժամիջոցների՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել է, որ գազի մատակարարումը կարող է դադարեցվել, եթե վճարումը ռուբլով չկատարվի։
Մոսկվան էներգիա գնողներին առաջարկել է հաշիվներ բացել «Գազպրոմբանկ»-ում, որտեղ եվրոյով կամ դոլարով վճարումները ռուսական արժույթի կկոնվերտացվեն։