Ալիևին դուր չի գալիս, երբ հայ բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին դուր չի գալիս, երբ հայ բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, որը ստեղծվել է «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացումը հավերժացնելու համար», հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:
«Միջնորդների մասով ուզում եմ նշել, որ, ցավոք, հիմա էլ Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են Մինսկի խմբի մասին։ Կարծում եմ, որ զուր է եւ իմաստ չունի։ Մինսկի խումբը փաստացի կաթվածահար է եղել 2019թ. Եթե հիմա նայեք այդ խմբի առաջարկների պատմությանը, ապա եւս մեկ անգամ կտեսնեք, որ այն ստեղծվել է ոչ թե այս խնդիրը լուծելու, այլ ադրբեջանական տարածքների օկուպացումը հավերժացնելու համար»,- ասել է Ալիեւը օկուպացված Շուշի քաղաքում՝ ելույթ ունենալով Աշխարհի ադրբեջանցիների V համագումարին։
Նրա խոսքով՝ Մինսկի խումբը «գործնականում ոչ մի արդյունքի չի հասել»։ «Ինձ հաճախ են հարցնում, թե ինչ է լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ։ Ես ասել եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը 2022 թվականին կնշի իր 30-ամյակը, իսկ հետո թոշակի կանցնի։ Բայց ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո նրանք նույնիսկ հոբելյանը նշելու հնարավորություն չունեն»,- հավելել է Ալիեւը։