Բաքուն Երեւանի հետ «խաղաղության պայմանագրի» շուրջ կբանակցի միայն առաջարկված 5 կետերի հիման վրա. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վստահ է, որ Հայաստանը կհրաժարվի այսպես կոչված «տարածքային պահանջներից», հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Վստահ եմ, որ հետկոնֆլիկտային ժամանակաշրջանում մեր ձեռնարկած գործողությունների արդյունքում մենք կվերացնենք Հայաստանի եւ աշխարհի հայերի տարածքային պահանջներն Ադրբեջանի դեմ»,-ասել է նա։
Ալիեւն էլ ավելի հեռուն է գնացել՝ ասելով, որ Ադրբեջանը «տարածքային պահանջներ չունի»։ Եվ դա չնայած այն հանգամանքին, որ Ալիեւը մշտապես տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին՝ Զանգեզուրը, Սեւանն ու Երեւանն անվանելով «պատմական ադրբեջանական հողեր»։
Ալիեւը նաեւ հասկացրել է, որ Բաքուն Երեւանի հետ կբանակցի այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» շուրջ բացառապես Ադրբեջանի առաջարկած հինգ կետերի հիման վրա։
«Մենք մտադիր ենք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցել միայն մեր առաջարկած հինգ հիմնական սկզբունքների հիման վրա։ Ներկայումս երկու երկրների արտաքին գործերի նախարարությունները զբաղված են աշխատանքային խմբերի ձեւավորմամբ։ Կարծում եմ, որ մոտ ապագայում պետք է սկսել կոնկրետ բանակցություններ։ Համաձայնագրի տեքստը կարող է շուտով պատրաստվել եւ ստորագրվել»,-ասել է Ալիեւը։