ԵՄ ռուսական նավթի եւ գազի մատակարարումների էմբարգոյի հարցում միաձայնություն չկա. Ժոզեպ Բորել
ԵՄ-ն չի նախատեսում էմբարգո կիրառել ռուսական նավթի մատակարարումների վրա, քանի որ ԵՄ անդամ մի շարք երկրներ սպառնացել են արգելափակել այդ որոշումը, եթե այն քվեարկության դրվի: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը LENA Եվրոպական տեղեկատվական ասոցիացիային տված հարցազրույցում։
Բորելը լավատես չէ ԵՄ-ի կողմից ձեռնարկվող հաջորդ քայլերի լրջության հարցում, գրում է ֆրանսիական Le Figaro-ն:
«Որքան գիտեմ, նավթի եւ գազի ներկրումն արգելելու առաջարկներ այս պահին սեղանին չկան։ Կան բազմաթիվ նկատառումներ, բազմաթիվ առաջարկներ, որոնք ուսումնասիրվում են։ Շատ տնտեսագետներ կարծում են, որ ավելի ռացիոնալ է բարձրացնել ռուսական նավթի եւ գազի գինը՝ այլ աղբյուրներ փնտրելու խթան ստեղծելու համար։ Այդ առաջարկներից եւ ոչ մեկն անհրաժեշտ միաձայնություն չի ստացել»,- ասել է Ժոզեպ Բորելը։
«Շատ դժվար կլինի [ԵՄ-ում միաձայնության հասնել ռուսական նավթի էմբարգոյի կամ մաքսատուրքերի բարձրացման վերաբերյալ], քանի որ որոշ մասնակից երկրներ արդեն ասել են, որ վետո կդնեն ցանկացած կոլեկտիվ որոշման վրա», - ասաց նա:
Բորելը հայտնել է, որ ԵՄ երկրները կամավոր հիմունքներով աստիճանաբար կրճատում են նավթի ներկրումը Ռուսաստանից մատակարարումների ավելացումից հետո։ Նրա խոսքով՝ միջնաժամկետ հեռանկարում եվրոպացիներն այսպես թե այնպես ստիպված կլինեն հրաժարվել ռուսական էներգետիկ ռեսուրսներից։