Սլովենիան տանկեր կուղարկի Ուկրաինա Գերմանիայի հետ զենքի փոխանակման շրջանակներում
Գերմանիան Ուկրաինային ծանր սպառազինության մատակարարման մասին համաձայնագիր է կնքել մի շարք այլ եվրոպական երկրների, այդ թվում՝ Սլովենիայի, որը պետք է իր տանկերն ուղարկի Ուկրաինա՝ Գերմանիայից տանկերի եւ զրահափոխադրիչների դիմաց, հայտնում է dpa-ն՝ վկայակոչելով անանուն աղբյուրները:
Սլովենիայի պաշտպանության նախարար Մատեյ Տոնինը տեսակապի միջոցով զրուցել է իր գերմանացի գործընկեր Քրիստին Լամբրեխտի հետ։
«Հանդիպմանը քննարկվել է, թե ինչպես դաշնակից երկրները կարող են օգնել Ուկրաինային պաշտպանվել ռուսական ագրեսիայից եւ թե ինչպես Սլովենիան եւ Գերմանիան կարող են համատեղ օգնել Ուկրաինային»,- ասվում է ՊՆ-ի հայտարարության մեջ։
Ըստ dpa-ի՝ Սլովենիան խորհրդային արտադրության T-72 տանկեր կմատակարարի Ուկրաինային, իսկ Գերմանիան սեփական պաշարներից գերմանական արտադրության տանկեր եւ զրահափոխադրիչներ կուղարկի Սլովենիա:
Ուկրաինա ծանր սպառազինություն ուղարկելու Գերմանիայի պատրաստակամությունը հաստատել է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը, հայտնում է AFP գործակալությունը։
Աղբյուրները նշում են, որ, համաձայնագրի համաձայն, Գերմանիան Marder եւ Fuchs զրահափոխադրիչներ կտեղափոխի Սլովենիա, Սլովենիան ավելի ժամանակակից զինատեսակներ էր խնդրել՝ Leopard 2 տանկեր եւ Puma եւ Boxer զրահափոխադրիչներ։
Սլովենիայի զինված ուժերի կայքում առկա տեղեկատվության համաձայն՝ Սլովենիան չունի T-72 տանկեր, ունի հարավսլավական արտադրության M-84 տանկեր՝ T-72-ի թարմացված եւ արդիականացված տարբերակը, նշում է STA-ն։