Ճապոնիան 2003-ից ի վեր առաջին անգամ Հարավային Կուրիլները որպես «ապօրինաբար օկուպացված» է որակել
Ճապոնիան 2003-ից ի վեր առաջին անգամ Ռուսաստանի հարավային Կուրիլները պաշտոնապես որպես ապօրինաբար օկուպացված հյուսիսային տարածքներ է ճանաչել: Այս տերմինը նշված է երկրի արտաքին գործերի նախարարության կողմից կառավարությանը ներկայացրած «Դիվանագիտության կապույտ գրքում», գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Փաստաթղթում վերադարձվել է նաեւ այն սահմանումը, որ կղզիները «ճապոնական տարածք» են հանդիսանում։ Վերջին մի քանի տարիներին Տոկիոն խոսում է Կուրիլների մասին՝ որպես կղզիների, «որոնց վրա տարածվում է Ճապոնիայի ինքնիշխանությունը»:
Այդպիսի տերմիններ մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ ճապոնական կողմը հնչեցրել էր մարտի 31-ին։
Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան ենթադրել է, որ հին ձեւակերպումների վերադարձը պայմանավորված է Տոկիոյի վրա ԱՄՆ ճնշումներով։ Նա հավելել է, որ այդ գործողությունները կարող են բացասաբար անդրադառնալ Մոսկվայի եւ Տոկիոյի հարաբերությունների վրա եւ բարդացնել Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Չեպան նման ձեւակերպումներն անընդունելի է անվանել։
Հաջորդ օրը Արեւելյան ռազմական օկրուգի (ՌՕԿ) բանակի ավելի քան հազար զինծառայող վարժանքներ են սկսել Կուրիլյան կղզիներում՝ հակատանկային հրթիռային համակարգերից եւ հրետանուց կրակոցներով։ Զորավարժություններին ներգրավվել է մոտ 200 միավոր տեխնիկա, այդ թվում՝ «Օրլան-10» եւ «Էլերոն-3» ԱԹՍ-ներ: