Տվերում մարվել է «Իսկանդեր»ի մշակմանը մասնակցած գիտահետազոտական ինստիտուտում բռնկված հրդեհը
Հրշեջները մարել են Տվերի օդատիեզերական պաշտպանության ուժերի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտում բռնկված հրդեհը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ ծառայություններից։
«Ժամը 07:33-ին հրդեհի ամբողջական մարում է հայտարարվել»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:
Նա նշել է, որ այժմ իրականացվում են այրված կառույցների ապամոնտաժման աշխատանքները։ Միաժամանակ պարզվում են հրդեհի առաջացման ստույգ պատճառները։
Վերջին տվյալներով՝ հրդեհի հետեւանքով զոհվել է վեց, վիրավորվել՝ 24 մարդ, որոնցից 13-ը գտնվում են հիվանդանոցներում, 11 մարդ բուժում է ստանում ամբուլատոր հիմունքներով։
ԶԼՄ-ները նշում են, որ հետազոտական ինստիտուտը մասնակցել է «Իսկանդեր» հրթիռային համակարգի մշակմանը։