ԱՄՆ-ում երեխաները սկսել են ավելի հաճախ մահանալ զենքից, քան ՃՏՊ-ներից
ԱՄՆ-ում երեխաների եւ դեռահասների շրջանում մահացության հիմնական պատճառներկ թվում առաջին տեղում է հրազենը՝ առաջ անցնելով ավտովթարներից, որոնք զբաղեցրել են երկրորդ տեղը: Այս մասին են վկայում Միչիգանի համալսարանի հետազոտողների կողմից վերլուծված պաշտոնական վիճակագրական տվյալները։ Համապատասխան հոդվածը հրապարակվել է The New England Journal of Medicine-ում։
Միչիգանի համալսարանի հետազոտողներ Ջեյսոն Գոլդսթիկը, Ռեբեկա Քաննինգհեմը եւ Պատրիկ Քարթերը թվարկել են 1-ից 19 տարեկանների մահվան հիմնական պատճառները՝ օգտագործելով ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տվյալները: Երեխաների եւ դեռահասների շրջանում հրազենի կիրառման հետեւանքով մահացությունը 2019-2020 թվականներին աճել է 29 տոկոսով եւ հայտնվել առաջին տեղում։
«Հրազենից մահացության մակարդակի աճը երկարաժամկետ միտում է, որը ցույց է տալիս, որ մենք դեռ չենք կարող պաշտպանել մեր երիտասարդ սերնդին այդ արհավիրքից»,- նշել է գլխավոր հեղինակ Ջեյսոն Գոլդսթիքը: «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների եւ Առողջապահության ազգային ինստիտուտի վերջին ներդրումները հրազենային վնասվածքների կանխարգելման հետազոտության մեջ, հասարակության մեջ բռնության դեմ պայքարի դաշնային ֆինանսավորման հետ միասին, ճիշտ ուղղությամբ քայլեր են, սակայն արտակարգ նոր ջանքեր են պահանջվում, եթե մենք իսկապես ուզում ենք կոտրել այս մտահոգիչ միտումը»:
2020 թ. ԱՄՆ-ում 1-ից 19 տարեկան ավելի քան 4300 մարդ է մահացել հրազենի հետեւանքով, այդ թվում՝ ինքնասպանություններ, սպանություններ եւ չկանխամտածված մահվան դեպքեր։ Ընդ որույմ, նույն տարում ավտովթարները երեխաների եւ դեռահասների մոտ 3900 մահվան դեպքերի են հանգեցրել, իսկ թմրամիջոցներից մահվան դեպքերի թիվն աճել է ավելի քան 83 տոկոսով` մինչեւ ավելի քան 1700 դեմք, եւ դարձել մահվան երրորդ հիմնական պատճառն այս տարիքային խմբում: Նշվում է, որ վերջին 20 տարվա ընթացքում ամերիկյան ճանապարհներին մահացությունների թիվը կտրուկ նվազել է հենց տրանսպորտային միջոցների անվտանգության ապահովման եւ վարորդների կարգապահության բարձրացման նպատակով ձեռնարկված միջոցառումների շնորհիվ։