350 տարի անց մարդկությունը I տիպի քաղաքակրթություն կդառնա
Քարդաշեւի սանդղակը քաղաքակրթության տեխնոլոգիական զարգացումը չափելու մեթոդ է՝ հիմնված էներգիայի քանակի վրա, որը քաղաքակրթությունը կարող է օգտագործել իր կարիքների համար։ Այն առաջարկվել էր խորհրդային ռադիոաստղագետ Նիկոլայ Քարդաշեւի կողմից 1964-ին ԽՍՀՄ «Աստղագիտական հանդեսում» հրապարակված «Տեղեկատվության փոխանցումն արտաերկրային քաղաքակրթությունների կողմից» աշխատության մեջ։
Սանդղակը երեք կատեգորիա է սահմանում, որոնք կոչվում են համապատասխանաբար I, II եւ III տիպ: I տիպի քաղաքակրթությունն օգտագործում է իր մոլորակի վրա գոյություն ունեցող բոլոր էներգետիկ ռեսուրսները: II տիպի քաղաքակրթությունն օգտագործում է իր աստղի ամբողջ էներգիան: III տիպն օգտագործում է իր գալակտիկայի էներգիան:
ArXiv-ում հրապարակված նոր նյութում դիտարկվում է մարդկային քաղաքակրթության ներուժը՝ I տիպի քաղաքակրթության բարձրագույն կատեգորիային հասնելու համար:
Հոդվածում մի խումբ գիտնականներ դիտարկել են մարդկության էներգիայի երեք հիմնական աղբյուրները՝ հանածո վառելանյութերը, միջուկային էներգիան եւ վերականգնվող աղբյուրները։ Նրանք գնահատել են պոտենցիալ աճը յուրաքանչյուրի համար՝ վերլուծելով էներգիայի յուրաքանչյուր տեսակի աղբյուրի ֆիզիկական սահմանափակումները՝ բալանսավորված կլիմայի փոփոխության հետեւանքների սահմանափակման եւ էկոլոգիական այլ խնդիրների հետ, ինչպիսիք են աղտոտումը:
Գիտնականները պարզել են, որ եթե նույնիսկ հաշվի առնվեն բոլոր իրատեսական սահմանափակումները, մարդկությունը կարող է I տիպի քաղաքակրթություն դառնալ: Սակայն, ըստ մասնագետների, մարդկությունն այդ նպատակին չի հասնի առնվազն մինչեւ 2371թ. Գուցե սա բավականին կոպիտ գնահատական է, որը պարզապես չի կարող բացատրել հնարավոր տեխնոլոգիական նորարարությունները, որոնք կարող են տեղի ունենալ առաջիկա մի քանի տասնամյակների ընթացքում: