Կիևը ՄԱԳԱՏԷ-ին հայտնել է Չեռնոբիլի ատոմակայանում անձնակազմի կանոնավոր ռոտացիայի մասին
Ուկրաինան ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել է, որ Չեռնոբիլի ատոմակայանի տարածքից ռուս զինվորականների դուրսբերումից երեք շաբաթ անց, անձնակազմի ռոտացիան տեղի է ունենում մշտական հիմունքներով և պլանի համաձայն, հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
«Շատ լավ է, որ այս կարևոր միջուկային օբյեկտի անձնակազմն այժմ կարողանում է իր գործունեությունը ավելի նորմալ միջավայրում իրականացնել շատ դժվարին պայմաններում երկար շաբաթներ աշխատելուց հետո, երբ նրանք կարող են վերադառնալ տուն՝ հանգստանալու և պարբերաբար տեսնել իրենց ընտանիքներին։ Նրանք ցուցաբերել են քաջություն և տոկունություն՝ շարունակելով իրականացնել իրենց պարտականությունները նաև հակամարտության ժամանակ: Երբ այս ամսվա վերջին այցելեմ այնտեղ, կկարողանամ անձամբ շնորհակալություն հայտնել նրանց»,- ասել է Գրոսսին՝ ՄԱԳԱՏԷ-ի կայքում հրապարակված հայտաարաության մեջ։
Գրոսսին պլանավորում է ապրիլի վերջին գլխավորել ՄԱԳԱՏԷ-ի փորձագիտական առաքելությունը Չեռնոբիլի ատոմակայան՝Ուկրաինայի միջուկային օբյեկտների անվտանգությունն ապահովելու համար։