Մարիուպոլում խաղաղ կյանք հաստատելու հնարավորություն է ստեղծվել. Պեսկով
Դոնբասի պաշտպանության հատուկ ռազմական գործողությունն ընթանում է ըստ ժամանակացույցի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը։
«Պաշտպանության նախարարը զեկուցել է, որ Մարիուպոլը գրավելուց հետո հնարավորություն է ստեղծվել քաղաքում խաղաղ կյանք հաստատելու։ Իսկ «Ազովստալը» առանձին օբյեկտ է, որտեղ արգելափակված է ուկրաինական ազգայնական կազմավորումների խումբ»,- նշել է Դմիտրի Պեսկովը։
Նա անդրադարձել է ռուս-ուկրաինական բանակցություններին, հայտնել, որ բանակցողների թիմերը չեն փոխվել, աշխատանքներում ներգրավված են նաև փորձագետներ՝ հնարավոր խաղաղության պայմանագրի համար համապատասխան ձևակերպումներ մշակելու համար։
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանն արդեն Կիևին է ներկայացրել իր գրավոր առաջարկները։
«Չնայած լսել եք նախագահ Զելենսկու հայտարարությունը, թե նա ոչ մի փաստաթուղթ չի ստացել։ Որոշակի հարցեր են առաջանում՝ ինչո՞ւ նրան չեն զեկուցում մեր առաջարկների մասին»,- մտահոգություն է հայտնել պաշտոնյան։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը հայտարարել էր, որ ուկրաինական կողմը ստացել է և կծանոթանա ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման վերաբերյալ Մոսկվայի առաջարկներին։