Բայդենը կասկածի տակ է դրել Մարիուպոլի գրավումը
Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ հատուկ հայտարարության մեջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Մարիուպոլի գրավման մասին փաստեր չկան։
«Չկան վկայություններ այն մասին, որ Մարիուպոլը լիովին ընկել է», – ասել է Բայդենը։
Նա կոչ է արել, որ հումանիտար միջանցքներ բացվեն, որպեսզի մարդիկ դուրս գան գործարանի տարածքից և քաղաքի այլ հատվածներից։
Բայդենը նաև հաղորդել է, որ նոր պատժամիջոցներ են սահմանվել մասնավոր բանկերի և մի շարք անհատների նկատմամբ, որոնք ըստ ամերիկյան վարչակազմի՝ օգնում են Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է նոր ծրագրի մասին, որն ուկրաինացիներին թույլ կտա ժամանակավորապես ապաստան գտնել ԱՄՆ-ում։ «Միավորվել հանուն Ուկրաինայի» կոչվող ծրագիրը ԱՄՆ-ում հովանավոր ունեցող ուկրաինացիներին թույլ կտա մինչև 2 տարի մնալ այնտեղ, սակայն դա քաղաքացիություն ստանալու հնարավորություն չի ընձեռի։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բայդենը հայտարարել է նաև Ուկրաինային 800 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի տրամադրման մասին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ ղեկավարին օգնության նոր փաթեթի համար։