Էրիկ Իսրայելյանը՝ Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդների առաջնության հաղթող
Բուլղարիայում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը դարձել է ոսկե մեդալակիր:
Եզրափակիչ մենամարտում Իսրայելյանը վստահ հաղթանակ է տարել Բուլղարիայի ներկայացուցիչ Կիրիլ Բարիսովի նկատմամբ: Այս քաշային կարգում բրոնզե մեդալը բաժին է հասել Վրաստանի ներկայացուցչին:
Էրիկ Իսրայելյանը Եվրոպայի երիտասարդների առաջնությունում 5 հաղթանակ է տարել, որից 3-ը՝ նոկաուտով: Եվրոպայի նորընծա չեմպիոնին պարգևատրել է բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:
Հայաստանի հավաքականից եզրափակչում հանդես է եկել նաև 67 կգ քաշային Արես Հակոբյանը, որը դարձել է արծաթե մեդալակիր:
Երեկոյան մրցահերթում էլ ոսկե մեդալի համար կպայքարի 80 կգ քաշային Համլետ Ադամյանը: