Միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը կոչ է արել խնայել՝ ռուսական էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու համար
Virgin Group-ի հիմնադիր եւ միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը մարդկանց եւ կառավարություններին կոչ է արել սահմանափակել արագությունը եւ անջատել ջեռուցումը՝ ռուսական էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու եւ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար:
CNBC-ին տված հարցազրույցում նա ասել է, որ փոքր անձնական զոհողությունները կարող են նվազեցնել ռուսական էլեկտրաէներգիայի պահանջարկը, ինչն իր հերթին կնվազեցնի գները եւ կթեթեւացնի կյանքի արժեքի ճգնաժամը: «Շատ կարեւոր է, որ մենք ազատվենք մեր կախվածությունից ռուսական նավթից, գազից եւ ածխից, եւ մենք պետք է դա անենք անհապաղ»,- ասել է Բրենսոնը։ «Եթե մենք կարողանանք նվազեցնել Արեւմուտքի կախվածությունը վառելիքից, ասենք, ընդամենը 10 տոկոսով, դա կազատի մոտ երեք միլիարդ բարել վառելիք: Սա բավարար կլինի, որպեսզի Գերմանիայի նման երկրները այլեւս ստիպված չլինեն ներմուծել»,- ասել է նա։
Էներգիայի անհատական սպառումը նվազեցնելու Բրենսոնի առաջարկների թվում է տնային ջեռուցման եւ օդորակման կրճատումը 1 տոկոսով եւ ավտոմեքենայի շարժման արագությունը՝ 10 տոկոսով:
Նրա խոսքով՝ կառավարությունները կարող են, օրինակ, հաջորդ տարի նվազեցնել արագության ազգային սահմանաչափը 70 [մղ/ժ]-ից մինչեւ 60՝ «Ուկրաինային աջակցելու համար»:
«Վառելիքի պահանջարկը կտրուկ կնվազի, հետեւաբար վառելիքի գինը կտրուկ կնվազի, հետեւաբար կյանքի արժեքը կտրուկ կնվազի»,- ասել է նա։
Մինչդեռ, ըստ Բրենսոնի, ձեռնարկությունները կարող են էներգիայի սպառումը սահմանափակելու այլ ուղիներ գտնել:
Օրինակ, ավիաընկերությունները, ինչպիսին է իր սեփական Virgin Atlantic-ը, որոնց վրա շատ է ազդել էներգիայի գների աճը, կարող են կրճատել որոշ ոչ ծախսատար երթուղիներ:
«Եթե դուք դա տարածեք բոլոր ձեռնարկությունների եւ բոլորի վրա ամբողջ աշխարհում, նավթի գինը կտրուկ կնվազի, եւ մենք ստիպված չենք լինի շարունակել կտրոններ ուղարկել Պուտինին», - հավելել է նա: