Ռուսաստանը հաջողությամբ արձակել է «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է «Պլեսեցկ» տիեզերակայանից «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող արձակման մասին, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
«Գործարկման առաջադրանքներն ամբողջ ծավալով կատարվել են։ Հաշվարկային բնութագրերը հաստատվել են նրա թռիչքի բոլոր փուլերում։ Ուսումնական մարտական բլոկները հասել են առաջադրված տարածք՝ Կամչատկայի թերակղզու «Կուրա» զորավարժարանում»,- նշել են գերատեսչությունում:
ՊՆ-ից պարզաբանել են, որ սա պետական փորձարկումների ծրագրում առաջին արձակումն է։
Հրթիռի հեռանկարային նմուշի թռիչքային փորձարկումները, ըստ մամուլի հաղորդագրության, «թույլ են տվել գնահատել դրա ստեղծման ընթացքում դրված սխեմատիկ-կառուցվածքային եւ տեխնիկական լուծումների ճիշգրտությունը»:
Ինչպես եւ սպասվում էր, փորձարկումներից հետո «Սարմատը» կմտնի ռազմավարական նշանակության Հրթիռային ուժերի սպառազինության մեջ։ Այս համալիրներով կվերազինվի Կրասնոյարսկի մերձակայքում գտնվող Ուժուրական հրթիռային կազմավորման գլխավոր գունդը։
«Սարմատը» ռազմավարական հրթիռային համակարգ է՝ ծանր դասի հեղուկ հրթիռային ՄԲՀ-ով, այսպիսի մեկ հրթիռի քաշը գերազանցում է 200 տոննան։ Բաց աղբյուրների համաձայն՝ նրանից արձակման զանգվածը 10 տոննա է։ Համալիրը Ռազմավարական հրթիռային զորքերում կփոխարինի «Վոյեւոդա» հրթիռներին: