Բուքմեյքերները կարծում են, որ Մակրոնը հեշտությամբ կհաղթի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթելու ավելի քան 90 տոկոս շանսեր ունի՝ ընդդեմ ծայրահեղ աջակողմյան թեկնածու Մարին Լը Պենի։ Նման տվյալներ են ներկայացրել բրիտանական քաղաքական բուքմեյքերները, հաղորդում է Reuters-ը։
Մակրոնի վարկանիշը սոցհարցումների արդյունքում բարձրացել է վերջին մի քանի օրվա ընթացքում՝ հասնելով միջինում ավելի քան 55 տոկոսի՝ նրա մրցակցի օգտին 45 տոկոսի դիմաց:
William Hill եւ Paddy Power կայքերն առաջարկում են գործակիցներ, որոնք ենթադրում են 90,9 տոկոս հավանականություն գործող նախագահի համար, մինչդեռ Betfair Exchange-ը՝ 92,6 տոկոս, իսկ Ladbrokes-ը՝ 94,1 տոկոս։
Այնուամենայնիվ, դա արդյունքի երաշխիք չէ: Օրինակ, 2016թ․ բուքմեյքերները ճնշող մեծամասնությամբ կողմ էին, որ հունիսի 23-ին կայանալիք հանրաքվեում Մեծ Բրիտանիան քվեարկի Եվրամիությունում մնալու օգտին: Քվեարկության օրը Betfair-ը կանխատեսել էր հաղթելու 88,5 տոկոս հավանականություն, սակայն արդյունքն այլ էր։
«Լը Պենի հաղթանակը կնշանակի նյութական անորոշություն Ֆրանսիայի եւ ԵՄ-ի համար, ուստի մենք կարծում ենք, որ ռիսկերը ասիմետրիկորեն գնում են դեպի անկում»,-ասել է Barclays-ում բաժնեմասերի եվրոպական ռազմավարության ղեկավար Էմանուել Կաուն։
Մակրոնը եւ Լը Պենը նպատակ ունեն գրավել այն ընտրողներին, ովքեր աջակցում էին ծայրահեղ ձախական առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնին այն բանից հետո, երբ նա առաջին փուլում երրորդն էր՝ հավաքելով ձայների մոտ 22 տոկոսը։
Մելանշոնը կոնկրետ հանձնարարականներ չի տվել երկրորդ փուլում քվեարկելու համար, սակայն հորդորել է իր հետեւորդներին չքվեարկել Լը Պենի օգտին։