«Ներս չենք մտնելու, դասապրոցեսը չենք խաթարելու». «5165» շարժման անդամները բողոքի երթով այցելում են բուհեր
«5165» շարժման անդամները Ազատության հրապարակից երթ են կազմակերպել դեպի բուհեր: Մանսավորապես, երթը կհասնի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Ագրարային համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևանի պետական համալսարան, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարաններ։
Բողոքի երթի մասնակիցները վանկարկում են «Ուսանող, միացիր», «Նիկոլ հեռացիր»:
Մինչ այդ շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը Ազատության հրապարակում հայտարարեց․«Իրականացնելու ենք իրազեկման ակցիա ուսանողների շրջանում։ Ուզում եմ շեշտել, որ բուհերի կողքով անցնելիս նպատակ չունենք դասապրոցեսը խաթարել, չնայած Արցախն ավելին է, քան ցանկացած դասապրոցես։ Այսօր այս պահին դրությամբ մենք բուհի ներս չենք մտնելու, երկար չենք մնալու բուհերի առջև, իրազեկման ակցիաներ ենք անելու, ովքեր կցանկանան, կարող են այդ պահին միանալ կարմիր ժապավեն ակցիային»:
Նրա խոսքով, եթե ուսանողները կարող են նաև գալ ու իրենց աջակցությունը հայտնել Արցախի ու արցախցու ճակատագրով մտահոգ, անկախության սերնդին պայքարի դուրս գալու հորդորով հացադուլ հայտարարած Նվեր Կիրակոսյանին ու Արթուր Ավագյանին. «Երիտասարդները, լինելով ազգի սերուցքը, չպետք է անմասն գտնվեն այս գործընթացներից»,-ասաց Սողոմոնյանը՝ հիշեցնելով, որ «5165» շարժումը հայտարարել է, որ դադարեցնում է քաղաքական կոմպոտենտը, միանում են հանուն հայրենիքի անվտանգության պայքարին։
«Մենք նկատում ենք հետաքրքրության մեծացում, դրական ազդակներ ու արձագանքներ ենք ստանում»,-ասաց Սողոմոնյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ չի՞ կարծում, որ ինչպես Նիկոլ Փաշինյանի կազմակերպած բողոքի ցույցերին, այնպես էլ հիմա անհրաժեշտ է, որպեսզի բուհերում լինեն աջակից ուսանողների խմբեր, Մենուա Սողոմոնյանը պատասխանեց․ «Ուսանողական խորհուրդների հետ չենք շփվել այս առումով, ակնկալում եմ, որ հենց նրանք ակտիվ պիտի լինեն այս հարցում։ Սա քաղաքական հարց չէ, բոլորն էլ լավ պատկերացնում են։ Կոչ եմ անում, որ ակտիվություն հանդես բերեն։ Հատուկ խմբեր, բջիջներ, բուհերում այսպես կոչված «յաչեյկաներ» չկան:
Ինքս դասախոս եմ, դասավանդում եմ, դասն ըստ թեմայի է տեղի ունենում, դասից դուրս ունենում ենք քննարկումներ։ Երբ 1988-ին բուհերի ղեկավարները դրական էին տրամադրված, նաև ղեկավարում էին շարժումը, այս անգամ էլ այդպես պիտի լինի։ Թող իրենք դահլիճներում, հենց բուհերի ներսում այս քննարկումները կազմակերպեն այս դասախոսները, ղեկավարները, որոնք համաձայն չեն Արցախը Ադրբեջանին տալու»։
Մենուա Սողոմոնյանն ասաց, որ նաև գնալու են ԱԳՆ-ի մոտ, կոչ արեց միանալ իրենց, ինչպես նաև ժամը 19։00 հավաքվել Ազատության հրապարակում՝ միանալով շարժմանը։
Երթի մասնակիցները նաև համաքաղաքացիներին հորդորեցին փողոցներում քայլել կարմիր ժապավեններ կապած, մեքենաների վրա ևս կարմիր ժապավեններ կապեն, որպեսզի դրանով ցույց տան, որ Նիկոլ Փաշինյանն անցել է կարմիր գիծը, և պետք է նրան հեռացնել քաղաքականությունից։