Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդն աջակցում է Էմանուել Մակրոնին
Ապրիլի 24-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը կպաշտպանի հանրապետության գործող նախագահ Էմանուել Մակրոնի թեկնածությունը։
Նշվում է, որ որոշումը պայմանավորված է «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր սահմանելու քաղաքական խիզախությամբ»։
Հայտարարության մեջ նշվում է նաեւ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լը Դրիանի գլխավորած «չեզոք» դիրքորոշումն արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, որը ցնցել է Հայաստանի բոլոր բարեկամներին։ Այդ կապակցությամբ նախագահը պարզաբանումներ է արել, ջանքեր է գործադրել խաղաղության հաստատման, գերիներին ազատելու, Հայաստանի, նրա տարածքային ամբողջականության եւ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի զարգացման ուղղությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հռչակած սկզբունքներին համապատասխան։
Հայտարարության հեղինակները նշել են, որ Մակրոնը չի ցանկանում Թուրքիային տեսնել եվրոպական ընտանիքում, նա զգոն է «գորշ գայլերի» հայատյացության քաղաքականության հարցում։
«Հույս ունենալով, որ պաշտոնավարման հաջորդ ժամկետը կնշանակի երկրի արտաքին քաղաքականության էլ ավելի հստակ համապատասխանեցում Էմանուել Մակրոնի հայտարարած հանձնառությանը՝ լուրջ սպառնալիքի տակ գտնվող հայերի անվտանգության հարցում, մի թեմա, որը չի դադարում մտահոգել մեզ Ցեղասպանությունից 100 տարի անց, մենք կիրակի կհայտնենք մեր աջակցությունը»,-ասված է հայտարարության մեջ։