Միջադեպ Ազատության հրապարակում. «Հարբած բիձա էր, եկել էր հայհոյանքներ էր տալիս, էս մարդն էլ մի հատ չափալախել ա»
Ազատության հրապարակում, որտեղ արդեն մի քանի օր է նստացույց եւ հացադուլ է իրականացվում, քիչ առաջ միջադեպ է տեղի ունեցել: Ակտիվիստներից մեկը հարվածել է տարեց մի քաղաքացու: Ոստիկանները բերման ենթարկեցին հարվածող տղամարդուն:
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Ոչ սթափ վիճակում մի հայրիկ մոտեցավ եւ հացադուլավոր տղաներին ոչ կոռեկտ լեքսիկոնով դիմեց, որից հետո այս միջադեպը ծագեց: Իհարկե, բռնություն գործադրել բացարձակապես անթույլատրելի է, բայց ես կարծում եմ՝ մեր ոստիկանները խնդիրը կկանխեն: Մեր մշտական ընդդիմադիր ցուցարարներից է, անունը՝ Արթուր է»:
Իր հերթին զոհված զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանն ասաց. «Հարբած բիձա էր, եկել էր հայհոյանքներ էր տալիս, էս մարդն էլ մի հատ չափալախել ա: Լավ է արել, ես էլ եմ ուզել սիլլեմ, չեմ սիլլել: Ծնող է հայհոյում, ո՞ր մի տղան չէր սիլլի»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ապրիլի 17-ին, Ազատության հրապարակում հայտարարել էր անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին: Մինչ այդ Ազատության հրապարակում նստացույց էր սկսել «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար, արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայրը` Սերոբ Գասպարյանը։
Ավելի ուշ 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը հայտարարել էին անժամկետ հացադուլի մասին։