Էս մարդիկ ուրիշ արժեք չունեն, քան սեփական աթոռը. Շահումյանցի ազատամարտիկ
Ես ոչ մեկից ոչինչ չեմ սպասում, իմ ու իմ ընկերների մասնակցությամբ ես գոնե գիտեմ, որ անում եմ ամեն ինչ, փորձում եմ աջակցել այստեղի տղաներին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազատության հրապարակում նստացույցին միացած Շահումյանի շրջանի Չարեքթար գյուղի բնակիչ Աշոտ Սարյանը։
Անդրադառալով օրեր առաջ ԱԺ-ում իշխանական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հնչեցրած այն տեսակետին, որ Արցախը Ադրբեջանի կազմում չլինելու տարբերակը այդքան էլ ճիշտ չի եղել, Սարյանը ասաց․ «Մի բան պետք է պարզ հասկանանք՝ այս մարդիկ եկել են իշխանության հատուկ դրա համար: 4 տարի է՝ երկրի ղեկը իրենց ձեռքում է, ոչինչ չեն կարողացել անել, իրենք արժեք չունեն, իրենց արժեքը իրենց աթոռն է ու նստավայրը, իրենց պետք չի հասկանալ: Այն պատգամավորը, որ ասել է՝ «Արցախյան շարժումը հանգեցրեց Դաշտային Արցախի հայաթափմանը», փոխանցեք այդ գիտունիկին, որ Դաշտային Արցախից է սկսվել շարժումը։ Դաշտային Արցախը ընկավ, նոր Արցախյան շարժումը սկսեց։ Դա էլ մեր դժբախտությունն է, որ մեր սերունդների ապագան որոշողները Հայաստանի նախկին քարտեզներին ծանոթ չեն»:
Խոսելով 44-օրյա պատերազմի ընթացքի ու ելքի մասին, Աշոտ Սարյանը նշեց, որ եթե պատերազմը լավ կազմակերպված լիներ, կարող էինք հաղթել. «Իմ անձնական կարծիքն է, որ ադրբեջանցիներն արդեն հասել էին այն դիրքերին, որ էլ առաջ չէին կարող գնալ: Եթե կապիտուլյացիան չստորագրվեր, այդ ժամանակ չէինք կորցնելու թե՛ Շահումյանի շրջանը, թե՛ Լաչինը, թե՛ Օմարի լեռնաշղթան: Երևի պլանավորած դրանք էլ տվեցին, վերջացրեցին։ Իրենք եկել, հասել էին մի բարձունքի, որտեղից առաջ չէին կարող գնալ, դա էր իրենց հնարավորությունը, Օմարում 15 000-ից ավելի զորք է եղել, որ կարող էր տեղափոխվել Շուշի և Հադրութ, բայց չհնվեց, մնացին, չհամալրվեց։ Միգուցե թազա գեներալները գտել են, որ այդպես ավելի ճիշտ է: Եթե նորմալ կազմակերպեին, այսօր Շահումյանը կլիներ, Վարդենիսը վտանգված չէր լինի, Ջերմուկը վտանգված չէր լինի: Շահումյանը տալով՝ Հայաստանի այդ թևը կտրեցին: Հիմա ադրբեջանցին Շահումյանով ձախից դեպի Ջերմուկ, ուղիղ դեպի Վարդենիս, երեք կողմից գցեցին շրջափակման մեջ, դա էլ էր երևի մտածված։
Եթե իրենց կառուցողական ղեկավարը մեկնաբանում է, որ Երեւանն իմն է, էդքանից հետո փորձում են ասել՝ լավ է լինելու, ես ի՞նչ ասեմ: Եթե երկրիդ առաջին դեմքը աչքերը բաց քեզ խաբում է, ի՞նչ սպասես իրենից»,-ասաց նա:
«Գերագույն հրամանատարին խանգարում էր այդ 5000 երեխան, որ տարածքները զիջեր, եթե հնարավոր էր առանց զոհերի դա անել, դե թող անեին։ Այս մարդիկ հա՛մ զորքը վերացրեցին, հա՛մ Հայաստանի զինամթերքը վերացրեցին, ասում էր՝ 25․000 զորք փրկեցի, ո՞ւր է իր այդ փրկած զորքը , ո՞ւր են այդ փրկվածները»։