Միջազգային կազմակերպությունները Հայաստանին կօգնեն դիմակայելու բնապահպանական մարտահրավերներին
Բելգիայի Մեխելեն քաղաքում համագործակցության հուշագիր է ստորագրվել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), ԱրԱվես (ArAves) բնապահպանական կազմակերպության, BirdLife International-ի (Բիրդլայֆ միջազգային կազմակերպություն) և Natuurpunt (Նատուրպունտ կազմակերպություն) միջև։ Այս մասին տեղեկացնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից։
Համագործակցության քառակողմ հուշագրի շրջանակում կազմակերպությունները պատրաստակամություն են հայտնել առավելագույնս աջակցելու Հիմնադրամին և ԱրԱվեսին իրենց բնապահպանական գործունեությունում։
«Ուրախ ենք, որ հայաստանյան և միջազգային կառույցների միջև ստորագրվել է այս կարևորագույն հուշագիրը։ Տեղեկացնեմ, որ հուշագիրը կարևոր է ոչ միայն մեր կազմակերպությունների, այլև ամբողջ Հայաստանի համար։ Այն Հայաստանին կտա հնարավորություն դիմագրավելու բնապահպանական մարտահրավերներին, ներգրավելով համագործակից կառույցների մասնագիտական ներուժը։
Լայն քննարկման արդյունքում կազմակերպությունները մոտ ապագայում կիրականացնեն մի շարք նախագծեր ուղված ջրաճահճային թռչունների կենսամիաջավայրերի պահպանությանը, վերականգմանը ինչպես նաև կրթական մի շարք այլ նախաձեռնություններ»,- նշում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը՝ հավելելով, որ սպասվում են համատեղ այցելություններ արդեն այս ամռանը։
Natuurpunt-ը հիմնադրվել է 1951 թ-ին Բելգիայում և հանդիսանում է BirdLife International-ի անդամ կազմակերպությունը Ֆլանդերսում։ Բըրդլայֆ կազմակերպությունը աշխարհի ամենամեծ բնապահպանական ցանցերից մեկն է, որը ներկայացված է աշխարհի 115 երկրներում տեղական անդամ կազմակերպությունների միջոցով։