Իրաքի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Թուրքիայի դեսպանին՝ ռազմական օպերացիայի պատճառով
Իրաքի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Թուրքիայի դեսպանին եւ բողոքի նոտա է հանձնել նրան Հյուսիսային Իրաքում թուրքական օպերացիայի կապակցությամբ, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը երկուշաբթի ռազմական օպերացիա է սկսել ՔԱԿ զինյալների դեմ Իրաքի հյուսիսային հատվածում, ավելի վաղ հայտնել էր Անատոլիական գործակալությունը։ Դրա տվյալներով՝ օպերացիայում հատուկ նշանակության ուժեր եւ օդուժ է ներգրավված։ Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր իր զինծառայողներից մեկի մահվան եւ չորս զինծառայողի վիրավորվելու մասին։ Իրաքի նախագահի գրասենյակը հայտարարել է, որ թուրքական օպերացիան վտանգ է ներկայացնում երկրի ազգային անվտանգության համար։
«Արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իրաքում Թուրքիայի Հանրապետության դեսպանին... թուրքական բանակի կողմից շարունակվող խախտումների ֆոնին, դրանց թվում վերջին լայնածավալ ռազմական օպերացիան է... Իրաքում հյուսիսում։ Նախարարությունը Թուրքիայի դեսպանին բողոքի խիստ նոտա է փոխանցել»,- հայտնել են Իրաքի ԱԳՆ-ից։