Մոսկվայում այնպիսի զգացողություն է, որ հայերը՝ Փաշինյանի գլխավորությամբ, այլևս կապ չունեն Ղարաբաղի հետ. Տարասով
Ռուսաստանի հետագա պահվածքը կախված կլինի ուկրաինական ուղղությամբ իրավիճակի զարգացումից։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հիմնախնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը։ Անդրկովկասում Կրեմլի դիրքորոշման կանխատեսումը, ըստ փորձագետի, այժմ շատ բարդ է։ «Առայժմ մենք տեսնում ենք երկակի ստանդարտների փաստ, իսկ եթե կուզեք՝ դավաճանություններ Ռուսաստանի նկատմամբ»,- ասաց Տարասովը։
Մեկնաբանելով Ղարաբաղը Ադրբեջանի կազմում հնարավոր ճանաչման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ քաղաքագետը բավականին կոշտ ու միանշանակ գնահատական տվեց։ Նրա խոսքով՝ Փաշինյանն, ըստ էության, «ճոճվում է» Մոսկվայի, Վաշինգտոնի, Փարիզի ու Բրյուսելի միջեւ։ «Դե թող ստորագրի։ Ո՞վ է նրան խանգարում։ Թող գնա Բաքու ու ստորագրի։ Ինչ է պատահել։ Նա փորձում է խաղալ, փորձում է բոլորին արատավորել եւ բոլորի վրա իր կեղտը քսել: Դե, սկսիր։ Դա քո խնդիրն է: Լուծիր այն։ Ուզու՞մ է ստորագրել: Դե, թող ստորագրի»,- ասաց փորձագետը։ Միաժամանակ, Ստանիսլավ Տարասովը Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում միանգամայն նորմալ է համարում։ Մոսկվան, ինչպես նշեց քաղաքագետը, երբեք դեմ չի եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանը։ «Մոսկվայում այնպիսի զգացողություն է ստեղծվում, որ հայերը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այլեւս կապ չունեն Ղարաբաղի հետ... Ռուսաստանը կպաշտպանի Ղարաբաղի հայերին։ Նա կպաշտպանի նրանց մինչեւ վերջ: Բայց այդ հարցերը նա կորոշի արդեն ոչ թե Երեւանի, այլ Բաքվի հետ»,- զգուշացրեց ռուս փորձագետը։
Նա նաեւ մատնանշեց Հայաստանն ու Ղարաբաղը կապող հաղորդակցությունների կտրվելու սպառնալիքը։ Սրա հնարավորությունը նա միանգամայն իրատեսական է համարում։